38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ավագ սերունդը լավ է ճանաչում, իսկ երիտասարդները նոր պետք է բացահայտեն Փարաջանովին»

«Ավագ սերունդը լավ է ճանաչում, իսկ երիտասարդները նոր պետք է բացահայտեն Փարաջանովին»
07.11.2014 | 18:14

«Փարաջանովյան տարում արդեն անցկացվել են բազմաբովանդակ տարբեր միջոցառումներ: Երկիրն այն վիճակում չէ, որ մեծ միջոցառումներ նախաձեռնեինք, որոնք, չեմ կարծում, թե մեծ արդյունք են տալիս»,- «Իրատես de facto» ակումբում երեկ լրագրողներին տեղեկացրեց Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով, որ տարվա ընթացքում բավական հաջող ցուցահանդես է կազմակերպվել Մոսկվայի Սալյանկա պատկերասրահում. ներկայացվել են թանգարանային 32 աշխատանք, ինչպես նաև լուսանկարներ, Փարաջանովի ու նրա ազդեցությունը կրող ռեժիսորների ֆիլմեր: Ցուցահանդես այցելել է օրական 500-600 մարդ: «Այցելուները հիմնականում երիտասարդներ էին, ինչը շատ կարևոր է: Ավագ սերունդը լավ է ճանաչում, իսկ երիտասարդները նոր պետք է բացահայտեն Փարաջանովին,- ասաց Զավեն Սարգսյանը, հավելելով, թե շատ կարևոր է նյույորքյան ցուցահանդեսը:- Նյու Յորքը կենտրոնն է աշխարհի, շատ դժվար է այնտեղ մուտք գործելը: Մենք քսան տարուց ավելի փորձել ենք, շատերը խոսք են տվել, բայց ոչինչ չեն արել (մեր հայրենակիցներին նկատի ունեմ): Կուզենայինք թանգարանում ունենալ ցուցահանդես, բայց դրա համար մեծ գումարներ են պետք և ազդեցիկ կապեր: Մեզ, իհարկե, օգնեցին տեղացիները, հիմնականում հրեական շրջապատը, որը շատ բարձր է գնահատում Փարաջանովին: Նրանց միջոցով կարողացանք թանգարանների տնօրեններին տեղեկացնել, բուկլետներ ուղարկել: Այցելուները հիմնականում ռուսալեզու էին, նախկին խորհրդային մարդիկ` դիսիդենտական շերտից: Շատերն անձամբ ճանաչել են Փարաջանովին»:
Ցուցահանդեսի ընթացքում Զավեն Սարգսյանը բավականին նյութ է հավաքել. այցելուներն իրենց հետ բերել են լուսանկարներ, փաստաթղթեր, հրավիրատոմսեր, մեկն էլ ասել է, որ Վիսոցկին է իրեն Փարաջանովի մոտ տարել, լուսանկարել է նրան, իր կյանքում շատ մեծ դեր է խաղացել Փարաջանովը և այլն: Բանախոսը նկատեց, որ այսպիսի բաներ արդեն շատ քիչ են պատահում. Փարաջանովին ճանաչող սերունդը գնում է, և ամեն մի հիշողություն կարևոր է թանգարանի համար:
«Փարաջանովի աշխարհը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես ենք ունեցել նաև Բաթումի փառատոնում:
Ինչ վերաբերում է հայաստանյան անցուդարձին, բանախոսը տեղեկացրեց, որ հետաքրքիր նախաձեռնություն է կազմակերպել Ազգային ժողովը. մայրաքաղաքի և մարզերի արվեստի դպրոցների երեխաներին բերել են թանգարան, որ փորձեն, ոչ թե այդ ոճով ստեղծագործել, այլ զգալով Փարաջանովի ազատությունը, ինչ-որ աշխատանքներ անել: Մոտ օրերս կամփոփվեն արդյունքները, լավագույն աշխատանքները կցուցադրվեն Ազգային ժողովի դահլիճում:
Փարաջանովի թանգարանը ցուցահանդես և ֆիլմերի դիտում է կազմակերպել նաև Արցախում` Շուշիի պատկերասրահում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, թանգարանի տնօրենն ասաց, թե սովորաբար սպասում են ցուցահանդես անելու առաջարկի, որովհետև եթե իրենք են դիմում, ծախսերը պետք է ինչ-որ ձևով հոգան, ինչը ձեռնտու չէ, մշակույթի նախարարության միջոցներն էլ սահմանափակ են:
Հավելենք, որ Փարաջանովին էին նվիրված «Ոսկե ծիրանը», «Կինոաշունը» և 2014-ին մեկնարկած շատ այլ միջոցառումներ: Համաշխարհային անցուդարձից առանձնացնենք Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը Կաննի հատուկ ծրագրում: Ֆիլմը վերականգնել է Մարտին Սկորսեզեի հիմնադրամը, որը կոչված է փրկելու համաշխարհային գլուխգործոցները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 30015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ